ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հայտնել է, որ զինվորների մասունքները, որոնց նույնականացման գործընթացը չի հաջողվում իրականացնել Հայաստանում, կուղարկվեն Հոլանդիա։
Ավանեսյանն ընդգծել է, որ ըստ հոլանդացի գործընկերների հետ կնքված համաձայնագրի՝ 50 փորձանմուշ, որոնցից նույնիսկ 6-րդ փորձից հետո ԴՆԹ չի անջատվել, տեղափոխվելու է Հոլանդիա՝ փորձաքննության:
Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ փորձաքննության պատասխանը շատ արագ չի ստացվելու, քանի որ բարդ գործընթաց է։ Ավանեսյանը խոստացել է պատասխանները Հայաստան հասնելուն պես դրանք հանրայնացնել։
Նշենք, որ Արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների աճյուններից եւ մասունքներից վերցված շուրջ 300 փորձանմուշ մայիսի 5-ի դրությամբ չէր հաջողվել նույնականացնել։